Հայաստանի անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Նորին մեծություն Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Շատ ուրախ եմ ազգային տոնի առթիվ Ձերդ գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները՝ երջանկություն և բարեկեցություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում»:
Հայաստանն իր անկախության 29-ամյակը տոնել է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականին այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» է քվեարկել անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ: