ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով սույն թվականի մայիսի 16-ին սահմանադրական դատարան են դիմել թվով չորս պատգամավորի թեկնածուներ։ Թվով երկու պատգամավորի թեկնածուների դիմումներ ուղարկվել են փոստով եւ սահմանադրական դատարանում մուտքագրվել են մայիսի 17-ին։ Նշված վեց դիմումները ներկայացվել են թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի, թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, թիվ 9 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանի, թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գագիկ Ներսիսյանի եւ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի կողմից։ Սահմանադրական դատարան դիմած պատգամավորի թեկնածուներից յուրաքանչյուրը վիճարկում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության արդյունքներով ընդունված որոշումը։
Սահմանադրական դատարանի նախագահն, օրենքով սահմանված կարգով, հանձնարարել է սահմանադրական դատարանի անդամներին ուսումնասիրել նշված դիմումները եւ զեկուցել ուսումնասիրության արդյունքների մասին։
ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճով սույն թվականի մայիսի 18-ին, ժամը 16:00-ին սահմանադրական դատարան է դիմել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը: