ՇՊԱԸ-ի շահառու Շ. Ա.-ը հանդիսանում է Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, որն էլ վերջին շուրջ 10 տարիների ընթացքում չի եղել Հայաստանում: 16.01.2011թ. Հայաստան վերադառնալուց հետո Շ. Ա.-ը պարզում է, որ իր քույր Ա. Ա.-ն, օգտվելով իր բացակայությունից, դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով անվավեր ճանաչել Շ. Ա.-ին պատկանող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականը: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 09.07.2007թ. վճռով բավարարել է հայցը, գործին մասնակից չդարձնելով Շ. Ա.-ին:
Այնուհետև Ա. Ա.-ն դիմել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով հաստատել սեփականության իրավունքով իր կողմից տիրապետման փաստը այն բնակելի տան նկատմամբ, որը անշարժ գույքի կադաստրում գրանցված է Շ. Ա.-ի անվամբ: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, կրկին Շ. Ա.-ի բացակայությամբ, 27.01.2008թ. կայացրել է վճիռ, որով հաստատել է. Ա. Ա.-ի կողմից բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքով տիրապետման փաստը:
Գործի ուսումնասիրման ու հետագա գործողություններին նախապատրաստվելու նպատակով 04.02.2011թ. գործին ներգրավված փաստաբան Արփինե Եղիկյանի կողմից դիմում է ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` երկու քաղաքացիական գործերով կայացված վճիռների և գործում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները տրամադրելու վերաբերյալ, հարցում է կատարվել կադաստրի մարզային կենտրոն քաղաքացի Շ. Ա.-ի իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:
Փաստաբան Ա. Եղիկյանի կողմից կազմվել են Վերաքննիչ բողոքներ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված երկու վճիռների դեմ, որոնք բավարարվել են. սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջով գործով կայացված վճիռը ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության, իսկ սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստը հաստատելու պահանջով գործով կայացված վճիռը բեկանվել է, և Ա. Ա.-ի դիմումը մերժվել է:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջով գործի նոր քննություն, և դատարանի 02.09.2011թ. վճռով գործի վարույթը կարճվեց:
Ընթացած դատավարությունների արդյունքում բեկանվեցին Շ. Ա.-ի սեփականության իրավունքի խախտման համար հիմք հանդիսացած վճիռները` վերացնելով խախտման համար հիմք հանդիսացած հանգամանքները:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: