Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Արման Ս.-ի և Արկադի Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Այսպես, Արման Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ,այդ թվում նաև`մահ:
Արկադի Պ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ցուցաբերել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Գործով մեղադրյալ Արման Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Արկադի Պ.-ի նկատմամբ նշանակված խափանման միջոցը փոխարիվել է գրավով:
ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի համաձայն՝
1. Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջացրել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:
Իսկ նույն օրենսգրքի 376-րդ հոդվածը սահմանում է, որ
1. Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքները, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net