Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել այսօր՝ օգոստոսի 14-ին, որով որոշ սահմանափակումներ հանվել են։
Այսուհետ դիմակ կրելը պարտադիր չէ հանգստյան գոտիներում և լողափերում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում պարտադիր է:
Բացի այդ, դիմակի կրումը պարտադիր չէ նաև անձնական օգտագործման մեքենաներում։
Այս և այլ փոփոխություններ կատարվել են պարետի 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ։
Ըստ այդ սահմանվում է նաև, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում։
Որոշման 6-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
«6. Սահմանել, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝
ա. մինչև 6 տարեկան երեխաների,
բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-
րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության
փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ,
գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս,
դ. գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում»:
Մանրամասները՝ հղմամբ։