Ամուլսարի հարցում ձեր ամուսնու բռնած «նեյտրալ» դիրքորոշումը էլ ավելի է վնասելու առանց այն էլ նրա նկատմամբ օր-օրի պակասող վստահությունը․ Միսկարյանը՝ Աննա Հակոբյանին

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է․ «Իմ կողմից շատ հարգելի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան ասուլիսում հարց է տալիս, թե ինչո՞ւ սկսվեց Ամուլսարում հանքի շահագործման դեմ պայքարի նոր էսկալացիա, եթե կառավարող ուժի մոտ ոչինչ չի փոխվել։

Փորձեմ թվարկել

Առաջինը և ամենակարևորը պատճառը ժամանակն է: Մարդկանց համբերությունը անսահման չի, և երբ տեսնում ես, որ երկու տարի պայքարի արդյունքները պտուղ չեն տալիս, երբ տեսնում ես, որ հեղափոխական կառավարությունը մատը մատին չի տալիս խնդիրը լուծելու համար, մարդկանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար, մի փոքրիկ կայծն էլ բավարար է, որպեսզի նյարդերը տեղի տան։

Հավատացեք, Ջերմուկի և Լիդիանի սահմանը Ջերմուկցիների համար պակաս կարևոր չի, քան հայ ադրբեջանական սահմանը բոլորիս համար։ Դա նրանց համար իրենց տանը արժանապատիվ ապրելու համար կռիվ է, գոյության կռիվ է։ Բայց ջերմուկցին ի վիճակի չի ամբողջ կյանքը կռիվ տալ միջազգային ֆինանսական հսկաների դեմ։ Նրա հույսը իր կողմից ընտրված լեգիտիմ կառավարությունն է, որը պիտի լուծում տար իր խնդրին, Ջերմուկում ստեղծեր կայուն միջավայր ներդրումների համար, որովհետև, ինքներդ եք հասկանում, ոչ մի խելամիտ ներդրող հանքի կողքին հանգստյան տուն կամ առողջարան չի սարքի։

Երկրորդը պատճառը «պետության» (կառավարող ուժի) բռնած կողմնակալ, երկակի ստանդարտներով շարժվելու քաղաքականությունն է։
1) Լիդիանը զինված խմբավորում բերեց Ամուլսար, ոչ մի բացատրություն չհնչեց
2) Ջերմուկցիների (համայնքի) պահակակետերը ապօրինի կերպով տեղանահվեցին, ոչ մի գնահատական չհնչեց
3) Լիդիանի զինված խմբավորումը ակնհայտ ապօրինի շինություններ տեղադրեց վիճահարույց տարածքում, որի պատկանելությանը պարզելու համար քրեական գործ կա հարուցած` ոչ ոք չխոչընդոտեց
5) Ջերմուկի` իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիները բերման ենթարկվեցին ոստիկանության բաժին, իսկ ոստիկաններին ու քաղաքացիներին հայհոյող և խաղաղ ցուցարարներին սադրող Լիդիանի զինված խմբավորման նկատմամբ` ոչինչ։
6) Լիդիանի իբր կողմնակիցների ցույցերը կառավարության շենքի դիմաց հսկվում են ոստիկանության կողմից, անցնում են առանց խոչընդոտների, իսկ հակառակ կողմից երկու իրավապաշտպան չեն կարողանում իրենց խաղաղ պիկետը անց կացնել նույն տեղում։ Ավելին, ինձ ու իմ ընկերոջը բերման են ենթարկում Կառավարության շենքից բավականին հեռու (ցայտաղբյուրների մոտ) իբր արգելված հավաք անցկացնելու մեղադրանքով, և երեք ժամ ապօրինի կերպով զրկում ազատությունից։

Եթե էս ամենին գումարենք կառավարող ուժի կողմից խոստացած, բայց չիրականացված բոլոր խոստումները, խոստացած ու չիրականացված ռեֆորմները, խոստացած ու չիրականացված հեղափոխական օրակարգի կետերը, պարզ է դառնում, թե ինչու են մարդիկ «չարարած» և ինչու միայն «նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարմանն ուղղված կառավարության «հարյուր» միջոցառումները» բավարար չեն քաղաքացիների կողմից վստահության նույն աստիճանին արժանանալու համար, որը կար կառավարության և ձեր ամուսնու նկատմամբ հեղափոխության օրերին և դրանից որոշ ժամանակ անց։

Մի բան էլ.

Ամուլսարի հարցում ձեր ամուսնու բռնած «նեյտրալ» դիրքորոշումը էլ ավելի է վնասելու առանց այն էլ նրա նկատմամբ օր-օրի պակասող վստահությունը։ Դրա պատճառը շատ պարզ է.

Ամուլսարը հանք չի դառնալու ցանկացած դեպքում։ Հայաստանի գիտակից քաղաքացին դա թույլ չի տալու և այդ դեպքում, եթե կառավարող ուժը էդ հարցում հստակ չկանգնեց ժողովրդի կողքին, ապա դա հանրությունը գնահատելու է որպես դավաճանություն ու անկախ նրանից, թե ինչքան «արմատական նեյտրալ» կլինի ձեր ամուսինը, հների ու կորպորացիաների դեմ պայքարում ժողովրդին միայնակ թողնելը էժան չի նստելու ժողովրդի ընտրած կառավարության ու նրա առաջնորդի վրա։ Սա սպառնալիք չի, այլ վստահ եմ, որ մի օր ձեզ մոտ հարց է ծագելու, թե ինչու ժողովուրդը այդպես ատեց իր սիրելի առաջնորդին, այդ ժամանակ հիշեք, որ դուք գոնե մասնակի ծանոթ եք պատասխանին։

Բայց դեռ հնարավորություն կա ամեն ինչ փրկելու, և եթե կառավարությունը առաջիկայում հստակ քայլեր իրականացնի (օրինակ ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչի), ապա նույնիսկ ամենադժվար ու անցանկալի զարգացումների դեպքում էլ հանրությունը կկանգնի նրա կողքին և մենք ստիպված չենք լինի անժամանակ նոր ցնցումների մեջով անցնել։

Հարգանքով`
Ձեր ընկեր Գարեգին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել