Քրեական գործով նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Այդ ժամկետը հաշվվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից և ավարտվում է գործը դատարան ուղարկելու մասին կամ գործով վարույթի կարճման մասին որոշման կայացման օրը:
Քրեական գործի նյութերին մեղադրյալի կամ նրա պաշտպանի ծանոթանալու ժամկետը չի մտնում գործի քննության ժամկետի մեջ: Եթե մեղադրյալը կամ նրա պաշտպանն առանց հարգելի պատճառների ձգձգում են քրեական գործին ծանոթանալը, քննիչի որոշմամբ կարող է սահմանափակվել ծանոթանալու ժամկետը:
Նախաքննության ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում նախաքննությունը սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով եղել է կասեցված:
Նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա:
Քննության ժամկետը երկարացնելու մասին պատճառաբանված որոշումը քննիչը պարտավոր է ներկայացնել դատախազին` քննության ժամկետը լրանալու օրվանից առնվազն 3 օր առաջ:
«Ինչպես տեսնում ենք, օրենքը սահմանում է, որ նախաքննության ժամկետը սկսվում է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու օրվանից, այսինք՝ նախաքննության ժամկետի մեջ մտնում է նաև հետաքննության տասնօրյա ժամկետը»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net