Դիանա Գալոյանի ընտրությունը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում իրավաբանորեն խոցելի է 

Դիանա Գալոյանի ընտրությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում իրավաբանորեն խոցելի է։

Հարկ է նշել, որ ըստ ՀՀ կառավարության 06.10.2006թ.-ի թիվ 1718-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կանոնադրության 24-րդ կետի` «Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող, տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը»:

Ռեկտորին ընտրում է ՀՊՏՀ խորհուրդը:

ՀՊՏՀ ռեկտորի ընտրությունները տեղի ունեցան այսօր՝ հուլիսի 17-ին: Մրցույթին դիմել էին բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը և Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Տիգրան Մարտիրոսյանը:

2020թ.-ի հուլիսի 9-ին ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարույթ էր հարուցել:

Այնուամենայնիվ, ՀՊՏՀ խորհրդի նիստը, որտեղ պետք է ընտրվեր ռեկտորը, սկսվեց: Նիստի ընթացքում ՀՀ ԲՈԿ-ն իր կայքում հրապարակեց 17.02.2015թ թիվ  5Ա-վ2 հրամանը, որով Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշումն անվավեր ճանաչվեց:

Դա չկանգնեցրեց ընտրությունը և խորհուրդը շարունակեց նիստը՝ ընտրության արդյունքում` Դիանա Գալոյանին ընտրելով ՀՊՏՀ ռեկտոր:

Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու որոշում կայացնելիս ՀՀ ԲՈԿ-ն առաջնորդվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ»:

Այսինքն, վարչական մարմինը կարող է իր վարչական ակտը վերանայելու մասին որոշում կայացնել: ԲՈԿ-ը իմացել է այդ վարչական ակտի անվավերության հիմք հանդիսացող փաստերի մասին Դիանա Գալոյանի դոկտորական ատենախոսության ուսումնասիրություն իրականացնելու և եզրակացություն տրամադրելու նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել է ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն 05.02.2020թ.-ին:

Նիստի ընդմիջմանը Դիանա Գալոյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ բողոքարկել է ՀՀ ԲՈԿ-ի վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը, ինչը վարչական վարույթը կասեցնելու հիմք էր: 

«Երբ ԲՈԿ նախագահը տվել էր հրամանը՝ անվավերության հայցի, ես արդեն իսկ վերադասության կարգով բողոքարկել եմ նախարարություն և ինքը, մինչև վերադաս մարմնի կողմից չունենար իմ բողոքարկման արդյունքները, ինքն իրավունք չուներ այդ նիստն անելու։ Ես իհարկե սա նորից վերադասության կարգով կբողոքարկեմ արդեն վարչական դատարանով, բայց Գոգյանը նաև պատասխանատվության կենթարկվի, որովհետև օրենքն ասում է, որ եթե կա վարչական վարույթի համար ներկայացված վարչական բողոք, ինքն ավտոմատ պետք է ավտոմատ ստոպ լինի, կանգ առնի, մինչև որ արդյունքները կլինեն նախարարության կողմից»,- նշել է նա։

Սակայն այդ պնդումը չի բխում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի, ըստ որի «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»: Վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը վարչական ակտ չէ, ուստի դրա նկատմամբ այս նորմը կիրառելի չէ:

Նշենք նաև, որ ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները դեռ պետք է հաստատվեն հիմնադրի` ՀՀ կառավարության կողմից:

Վերոնշյալը հաշվի առնելով, պետք է նշենք, որ Դիանա Գալոյանի ընտրությունը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում իրավաբանորեն խոցելի է և հավանաբար չի հաստատվի ՀՀ կառավարության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել