Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին։
Իր նամակում Արարատ Միրզոյանը նշել է, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են և լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաև ուղղակիորեն հակասում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին։
«Ադրբեջանի Զինված ուժերի անընդունելի գործողությունները աջակցություն են ստանում Թուրքիայի ԱԳՆ կողմից, ինչը հավելյալ լարվածություն է ստեղծում և վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունություն»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի նամակներում։