Երևանի քաղաքապետարանը հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Սոս Ներսիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, իսկ Սոս Ներսիսյանը հակընդդեմ հայց՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դիմելով դատարան` Երևանի քաղաքապետարանը պահանջել է արձակել Սոս Ներսիսյանից 400.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն։
Երևանի էրեբանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքի կազմակերպման աշխատակցի կողմից 2011 թվականի հունիսի 24-ին կազմած թիվ 003722 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ Սոս Ներսիսյանի կողմից Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1 շենքին հարող տարածքում Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վրա ինքնակամ իրականացվել է բետոնային հիմքով քարե պատի կառուցման շինարարական աշխատանքներ։
Գործի քննությամբ պարզվեց, որ պատասխանողի կողմից համայնքի սեփականության ներքո գտնվող հողամասում ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքներ կատարվելու փաստի առթիվ Երևանի Էրեբունի վարչական շրջանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից 2011 թվականի հունիսի 24-ին կազմվել է արձանագրություն։ Վարչական մարմնի (Երևանի քաղաքապետարանի) նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ, որի քննության արդունքներով Երևանի քաղաքապետի 2011 թվականի հուլիսի 20-ի թիվ Վ-24/23 որոշմամբ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով պատասխանողը ենթարկվել է վարչական պատասխանատվության. նրան առաջադրվել է տուգանք 400.000 ՀՀ դրամի չափով։
Հիշատակված որոշումը փոստային ծառայության միջոցով հանձնվել է պատասխանողին 2011 թվականի հուլիսի 27-ին (հիմք` գործում առկա փոստային ծանուցագիրը), այսինքն` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի հիմքով որոշումը մտել է ուժի մեջ։ Իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։
Ուստի դատարանը վճռեց Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել։ Սոս Ներսիսյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 400.000 ՀՀ դրամ տուգանքը։
Աղբյուրը` Իրավաբան.net