Այս վիճակագրության հեղինակները մենք ենք․ Նիկոլ Փաշինյանը՝ հիվանդանոցներում տիրող իրավիճակի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Առողջապահության նախարարության՝ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի` բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցը և Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի հեճուկս ՀՀ-ում տիրող համաճարակային իրավիճակի, նույնիսկ սոցցանցերի մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ քաղաքացիները պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում։

«Շաբաթ և կիրակի օրերին սոցցանցերում տեսանք ամառանոցային խնջույքների, զանգվածային ուխտագնացությունների մասին տեսարաններ։ Հիմա արդեն մեր թվերը ցույց են տալիս, որ բոլորս որտեղ, ինչքան կարողացել ենք՝ քամահրանք են ցուցաբերում հակահամաճարակային կանոնների նկատմամբ։ Բոլորս կարիք ունենք մեր հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկել։ Պետական կառավարման մարմինները պետք է իրենց գործունեության ոլորտում պահպանեն կանոնները։ Բոլոր տեղերում պետք է լինեն ոչ միայն գծանշումները, այլ նաև այդ կանոնները պահպանող պաշտոնյաներ։ Ոստիկանները նույնպես պետք է բարձր կարգապահություն ցուցաբերեն և որևէ իրավախախտման կողքով անտարբեր չանցնեն։ Ի վերջո, այս ժգնաժամի հաղթահարումը կախված է մեր հավաքական կամքից։ ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերը արդեն հասել են 430-ի, և այդ պրոցեսը շարունակվում է։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ որևէ տեղում հակահամաճարակային կանոն չպահելու արդյունքում կարող է և մեծ հավանականությամբ ինչ-որ մեկին դատապարտում է մահվան։ Հիվանդության մասշտաբը այնպիսին են, որ յուրաքանչյուրս մեզ և դիմացինին պետք է վերաբերվենք որպես վարակակրի»,-նշում է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ համաճարակի հաղթահարման լավագույն ճանապարհը սոցիալական համերաշխության հասնելն է, կանոնները պահպանելը։

«Հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 123 մարդ, ծանր՝ 529 մարդ։ 1739 հիվանդի մոտ թոքաբորբ կա և նրանց վիճակը ամեն պահի կարող է վատանալ։ Այս վիճակագրության հեղինակները մենք ենք»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել