Գոհար Ղազինյանը և Արամ Գաբրիելյանը որոշեցին բանակցել և գալ հաշտության. դատարանը ժամանակ տրամադրեց կողմերին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատարանում այսօր՝ հունիսի 29-ին, դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ կայացավ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության նախկին պետ Արամ Գաբրիելյանի և բնապահպանական ոլորտի փորձագետ Գոհար Ղազինյանի գործով դատական նիստը։

Արամ Գաբրիելյանը 100.000 դրամ է պահանջում՝ որպես պատվին և արժանապատվությանը հասցված վնասի հատուցման գումար, և 302.000 դրամ՝ որպես դատական ծախսի հատուցման գումար:

Կողմերը որոշեցին բանակցել  և գալ հաշտության:

Իրավաբան.netի հետ զրույցում Գոհար Ղազինյանի փաստաբան Անահիտ Սարգսյանը նշեց, որ իրենք հայցվոր կողմին կներկայացնեն հերքման տեքստը, որում կնշվի, որ Գոհար Ղազինյանը  Արամ Գաբրիելյանի  պատիվը արատավորելու նպատակ չի հետապնդել:

«Մեր հերքման տեքստը վերաբերելու է ոչ թե նրան, որ մենք ինչ-որ բան ենք գրել, որը ցանկանում ենք հերքել, այլ  նրան, որ մենք գրել ենք ինչ-որ բան և նկատի ենք ունեցել սա: Գոհար Ղազինյանը մտադրություն չի ունեցել արատավորելու Արամ Գաբրիելյանի համբավը, նա մտադրություն է ունեցել գերակա հանրային շահ բարձրացնելու»,- նշեց Գոհար Ղազինյանի պաշտպանը:

Արամ Գաբրիելյանի փաստաբան Կարինե Բաղդասարյանը նշեց, որ դատարանը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի կողմերը փորձեն հաշտությամբ վեճը լուծել. «Այս պահին կողմերի միջև հաշտության բանակցություններ են, կարծում եմ, որ բանկացությունները կյանքի կկոչվեն»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ Գոհար Ղազինյանն աշխատանքային քննարկում է անցկացրել էլեկտրոնային փոստով: Հարց է բարձրացրել այն մասին, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման հետ կապված կա բնապահպանական խնդիր և ով է պատասխանատու եղել այն իրավական դաշտի ձևավորման համար, որի չձևավորման ահետևանքով ՀՀ-ում ՀԷԿ-երը կառուցվում են առանց ճիշտ բնապահպանական փորձաքննություն անցնելու: Նամակի մեջ նշել է, որ պարոն Գաբրիելյանը չի կատարել այն պարտականությունները, որոնք պետք է կատարեր: Դրա արդյունքում ՀՀ-ում իրավական դաշտը թերի է մնացել, որի հետևանքով կառուցվում են ՀԷԿ-եր, որոնք փոխանակ նպաստեն բնական միջավայրի պահպանությանը, հակառակը, վնասում են դրան: Դա պարոն Գաբրիելյանը դիտել է որպես զրպարտություն իր հասցեին և դիմել է դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել