ՔԿ-ն վարույթ է ընդունել կորոնավիրուսով հիվանդ տաքսու վարորդի հետ կապված քրեական գործը

2020թ. հունիսի 20-ին Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը «Նորք» կլինիկական հիվանդանոցում հանձնել է «covid 19» նմուշառման թեստ, որի դրական պատասխանը հունիսի 23-ին հաստատվել է: 

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Վերջինս  իրազեկված և տեղեկացված լինելով պարտադիր ինքնամեկուսացման մասին՝  արտակարգ դրության ընթացքում խախտել է ինքնամեկուսացման կանոնները և ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները. 2020թ. հունիսի 24-ին 68-ամյա տղամարդն  իր կողմից շահագործվող ավտոմեքենայով մատուցել է տաքսի ծառայություններ և կատարել ուղևորափոխադրումներ: 

Դեպքի առթիվ 2020թ. հունիսի 25-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277.1-րդ հոդվածի (արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը) 1-ին մասով, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Թեմային մասին մանրամասներ էր ներկայացրել նաև գլխավոր դատախազությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել