Երևանի ավագանին այսօր՝ հունիսի 24-ին, հերթական նիստին, քննարկեց և որոշում ընդունեց Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանելու մասին։
Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը, ով իր մասնակացությունն է ունեցել որոշման նախագծի աշխատանքներում, նշեց, որ որպես ավագանու անդամ, իր հարցազրույցներից մեկում նշել էր՝ չէր ցանկանա Երևանը վերածվի արևելյան մեծ շուկայի։
«Մենք մեծ աշխատանք ենք կատարել, մասնավորապես ուզում եմ նշել Շրջիկ առևտրի միության անդամների հետ բազմաթիվ հանդիպումները, մենք լսել ենք նրանց բոլոր առաջարկները և հիմնականում ներառել ենք այս որոշման նախագծի մեջ։ Ուզում եմ բարձրաձայնել, որ այս նախագիծը հիրավի հեղափոխական է, քանի որ առաջին անգամ առևտրի թույլտվությունը տրվելու է հեռախոսային հավելվածի միջոցով։ Այսինքն, մենք նախատեսել ենք մի սկզբունք, որն իրապես բացարձակ թափանցիկ է և ապահովում է բաց մրցակցություն»,-ասաց Լուսինե Գևորգյանը։
Մանրամասները՝ տեսանյութում