Դատավորը դիմել է ԲԴԽ՝ իր և իր ընտանիքի անդամների հասցեին վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումների համար

Սույն թվականի հունիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը՝ հայտնելով, որ իր կողմից 18.06.2020թ. կայացված համապատասխան որոշման արդյունքում մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների հասցեին (այդ թվում՝ իր անձնական էջին ուղարկված հաղորդագրություններով) սկսել են տարածվել վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ:

Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Ստացված դիմումի քննարկման համար այսօր, ժամը 14.00-ին դատավոր Ա. Նիկողոսյանը հրավիրվել է Բարձրագույն դատական խորհուրդ:

Լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ոստիկանություն՝ դիմումը հիմք ընդունելով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Նշենք, որ դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը  և  ՀՀ 2-րդ նախագահը կալանքից ազատ արձակվեց, նրա նկատմամբ կիրառվեց գրավ՝ երկու միլիարդ դրամ գրավի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել