Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 19-ին, շարունակվում է Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը։
Նիստը նախագահում է դատավոր Ռոբերտ Պապոյանը։
«Ես չգիտեմ՝ ինչ որոշում կկայացնի դատարանը, ես դատարանի փոխարեն չեմ կարող այս պահին գնահատական հնչեցնել։ Մեր քայլերը հստակ ծրագրված են, բոլոր հնարավոր զարգացումների դեպքում մենք ունենք մեր մարտավարական քայլերը, որը բնականաբար չեմ հրապարակի»,-այս մասին ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց, որ հենց իր հանդեպ սկսած գործընթացների հետ կապված էլ միջազգային մակարդակով գործընկերներից աջակցություն է ստանում։ «Ինձ զանգահարել են եվրոպական բավականին հայտնի իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, շատ-շատ լուրջ, որոնց անուններն իրենք առաջիկայում հանդես կգան հրապարակումներով և բնականաբար իրենք ուշիուշով հետևելու են թե՛ ԲՀԿ-ի, թե՛ անձնապես իմ հանդեպ սկսված հայտարարություններին։ Վստահ, քաղաքական գործընթացներ են։ Ես չեմ համարում սա «դրսից տղա բերել», եթե այդպիսի բան լիներ, ապա ես ինքս խնդրել եմ եվրոպացի բազմաթիվ գոընկերների, այդ թվում Եվրոպական միության որոշ երկրների խորհրդարանների շատ ազդեցիկ անձանց, փոխնախագահների մակարդակով ընդհուպ, ովքեր ցանկանում էին այս օրերին հրապարակումներով հանդես գալ, խնդրել եմ այս պահին ձեռնպահ մնալ։ Այս պահին միայն աջակցություն և գնահատական հնչեցրել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների ալյանսը, որի անդամ է Բարգավաճ Հայաստանը։ Այսինքն մեր ընտանիքի ղեկավար կազմն է հնչեցրել, որը նորմալ է, որը ադեկվատ է»,-ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն էր իրականացրել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Այնուհետև ԱԱԾ-ից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող «Օնիրա Քլաբ» ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ: