Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց։
Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մի քանի ժամ ակտիվ աշխատում էին․ «Իրականում բոլորս էլ արդեն հոգնել էինք: Ծավալը բավականին մեծ է, որպեսզի շարունակենք: Դրա համար միջնորդություն եղավ, որպեսզի հետաձգվի, առավոտյան՝ ժամը 10։30 շարունակենք»։
Փաստաբանը կրկին հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդությունը դատարանը մերժել է, որոշումը դեռևս չի տվել․ «Որոշումը տալուց հետո կծանոթանանք: Դրա վերաբերյալ դիրքորոշում կարտահայտենք: Մենք այսօր փորձեցինք հիմնավորել, վստահ եմ, որ հիմնավորել ենք, որ այս քրեական գործը Ազգային անվտանգության ծառայությունում ապօրինի կարգով է քննվում որովհետև Քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, թե կոնկրետ, ո՞ր քրեական գործերը, նախաքննական ո՞ր մարմինները պետք է քննեն: Այն հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը ԱԱԾ-ում, սա ՀՔԾ-ին ենթակա գործ է: Դատախազն իրավունք չունի փոխել նախաքննական մարմիններին: Այստեղ առաջին պահից սկսած ապօրինի է եղել, հետևաբար հետագա բոլոր գործողությունները ապօրինի են: Սա առաջին փաստարկն է, որ ներկայացրել ենք, դատարանը պետք է իր որոշմամբ անդրադառնա: Լուրջ փաստարկներ ենք ներկայացրել, հիմնավորել դատարանին, որ այստեղ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, այլ ոչ թե իրավական»,- նշեց Երեմ Սարգսյանը: