Ընտանեկան նպաստ տրամադրելու համար սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները հաշվարկում են նպաստ ստանալու համար դիմած ընտանիքի անապահովության աստիճանը: Այժմ տեսնենք, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվում ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելիս:
Այսպես` ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են հետևյալ բնութագրիչները`
ա) ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խումբը.
բ) ընտանիքի անաշխատունակ անդամների թիվը.
գ) բնակավայրը.
դ) ընտանիքի բնակարանային պայմանները.
ե) անձնական օգտագործման ավտոմեքենայի առկայությունը և տեխնիկական զննում անցնելու հանգամանքը.
զ) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը.
է) անշարժ գույքի հետ կապված գործարքներ կատարելը.
ը) ապրանքների ներմուծման և արտահանման համար ընտանիքի անդամներից մեկի մաքսային վճարումներ կատարելը.
թ) ամառային ամիսների ընթացքում ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակը.
ժ) ընտանիքի սոցիալ-տնտեսական պայմանների վերաբերյալ գործակալության, ինչպես նաև համապատասխան սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ արված եզրակացությունը.
ժա) ընտանիքի եկամուտը:
Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված է նաև ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբի ամրագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերը չեն պահանջվում, եթե դրանցում ամրագրված տվյալները ներառված են համապատասխան մարմինների էլեկտրոնային տեղեկատվական բազաներում և առկա է դրանք առցանց եղանակով ստանալու հնարավորությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net