Հունիսի 17-ին պարետատան կողմից հրապարակվեց մի տեղեկություն, որի համաձայն «Երևան Մոլ»-ում հայտնաբերվել են պարետատան կողմից սահմանված կանոններին անհամապատասխանություններ, և որ «Երևան Մոլ»-ը փակվելու է 24 ժամով։
Որոշման վերաբերյալ հայտարարություն է տարածել «Երևան Մոլ»-ը, որում ասվում է․
«Ի պատասխան նշված տեղեկատվության, որը տարածվեց բազմաթիվ ԶԼՄ-ներում, ցանկանում ենք հստակեցնել․ պարետատունը իրականացնում է պարբերական ստուգումներ «Երևան Մոլ»-ի տարբեր հատվածներում՝ ֆուդկորտում, սպասարկման կենտրոնում, վարչական՝ գրասենյակային հատվածներում, և ցանկացած տեղ կանոնների անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում, նշվում է «Երևան Մոլ»-ի անունը՝ որպես մեկ տնտեսվարող սուբյեկտ։
Հունիսի 17-ին իրականացված հերթական ստուգման ժամանակ հայտնաբերվել են կանոնների խախտումներ «Երևան Մոլ»-ի գրասենյակում, մասնավորապես երկու աշխատակից չի կրել դիմակ, նրանց միջև հեռավորությունը եղել է պակաս քան մեկուկես մետրը և ջերմաչափման գրանցումը կատարվել է օրական մեկ անգամ։
«Այսօր հունիսի 18-ին, 12։00-ից սկսած 24 ժամով փակվել է միայն մոլի գրասենյակային մասը։ «Երևան Մոլ»-ում գործող բոլոր խանութները և ֆուդկորտը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը ամեն օր ժամը 10։00-22։00», – պարզաբանել է «Երևան Մոլ»-ի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանը։
Կարևոր ենք համարում ընդգծել, որ տնտեսվարողների մասին տեղեկատվություն տարածելիս անհրաժեշտ է առաջնորդվել տեղեկատվության մատուցման հստակությամբ։ Ընդհանրացման արդյունքում ոչ ճշգրիտ տեղեկատվություն են ստանում քաղաքացիները և մեծ վնաս են կրում տնտեսվարողները։ Խնդրում ենք գործել զգույշ։
Հիշեցնում ենք, որ «Երևան Մոլ»-ն առաջինն էր Հայաստանում, որը կարևորելով հանրային առողջության պահպանման անհրաժեշտությունը, առանց պարետատան հրահանգման մարտի 15-ից «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող այլ տնտեսվարողմերի հետ ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը՝ մեծ վնասներ կրելու գնով։
«Երևան Մոլ»-ը վերաբացումից հետո հետևել է քաղաքացիների առողջության պահպանման ցուցումներին՝ հատուկ լրացուցիչ միջոցներ ձեռնարկելով դրա համար, այդ թվում նաև Մոլի այցելուներին անվճար դիմակների տրամադրում, հեռավորության պահպանման ցուցումներ, ջերմաչափում մուտքի մոտ։
Նշենք նաև, որ «Երևան Մոլ»-ն ամբողջ տարածքի ախտահանման աշխատանքներ է կատարում ամենօրյա ձևաչափով, օրը երկու անգամ՝ այցելուներին տրամադրելով դիմակներ և ձեռնոցներ»։