ԱԱԾ շենքի բակում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խուզարկություններ են կատարվել նաև ԲՀԿ-ի մարզային գրասենյակներում։
Նրա խոսքով՝ կուսակցության Գեղարքունիքի պատասխանատուները բերման են ենթարկվել, տարբեր գյուղերի պատասխանատուների տներ են մտել։
«Առգրավվել են նաև 4-5 տարեկան երեխայի հեռախոսը։ Քիչ առաջ այստեղ էր Գեղարքունիքի մեր մարզային պատասխանատուն։ Ասաց՝ իր մանկահասակ երեխայի հեռախոսը ևս առգրավված է։ Այս պահին տեղեկություն չունեմ՝ նրանք ոստիկանական բաժանմունքներում են, թե ոչ, բայց Գեղարքունիքի մարզի մեր բոլոր պատասխանատուներին բերման են ենթարկել տարբեր ոստիկանական բաժանմունքներ»,-նշեց Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ծառուկյանի առանձնատնից ԱԱԾ ծառայողները տարբեր իրեր են առգրավվել, այդ թվում՝ հարսանիքի հրավիրատոմս, որին հրավիրված էր Ծառուկյանի որդին և որը հետաձգվել էր։
«Ես մի բան տեսա, ինչ-որ թղթեր էին ու հարսանիքի հրավիրատոմս կար։ Հրավիրատոմսը տեսել եմ։ Հրավիրատոմսից բացի կրիմինալ փաստաթուղթ են առգրավվել՝ ես չգիտեմ։ Բնականաբար չէր էլ կարող լինել»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն վաղ առավոտից խուզարկություն է իրականացնում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի և նրա մերձավորների առանձնատանը:
Ավելի ուշ ԱԱԾ-ից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին պատկանող Օնիրա Քլաբ» -ն ու «Շանգրի Լա» խաղատների գործունեության վերաբերյալ, որոնք ներկայացվել են որպես 61.146.139.340 մլրդ ՀՀ դրամի ներդրում և պետությանը պատճառել 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս, իսկ երկրորդ հայտարարությամբ ԱԱԾ-ն հայտնեց, որ մեկ այլ քրեական գործով բացահայտվել են նաև ԲՀԿ-ի՝ ընտրակաշառք բաժանելու հարյուրավոր դեպքեր, որում ներգրավված են եղել նաև ԲՀԿ ղեկավար անդամներ: