Ոստիկանությունը՝ քաղաքացու անձնագրում ծննդավայրը Ադրբեջան նշման մասին

«ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ քաղաքացու անձնագրի լուսանկար, որում տվյալ անձի ծննդավայրը նշված է՝ Ադրբեջան։ Պարզաբանենք, որ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշելիս հիմք է հանդիսանում ծննդյան վկայականում նշված ծննդավայր երկիրը»,-այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նաիրա Զոհրաբյանը իր գրառման մեջ մասնավորապես նշել էր․ «Ինչ-որ բացատրություն կա՞ սրան

Այս անձնագիրը ինձ տրամադրել է այս տիկնոջ ամուսինն ու հորդորել է հրապարակել: Մարինան ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Անձնագրի ժամկետը լրանալուց հետո Արցախից Մարինային ուղարկում են Երևան և Դավթաշենի անձնագրային բաժանմունքում մեկ տարի առաջ, 2019 թվականի դեկտեմբերի 3-ին, նա ստանում նոր անձնագիր, որը վավեր է մինչև 2029 թվականն ու որտեղ որպես ծննդավայր նշված է Ադրբեջան, իսկ որպես գրանցման վայր`Մարտունու շրջան, գյուղ Ճարտար:

Հիմա էսպիսի մի հարց. եթե անգամ ժամանակին Արցախը դե յուրե եղել է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ է քաղաքականապես նպատակահարմար Արցախում ծնված քաղաքացիների նոր անձնագրերում ևս գրել Ադրբեջան: Պարզ է նաեւ, որ օրենքի տառը պահելու դեպքում պիտի գրվի Ադրբեջան։ Բայց, կարծում եմ էստեղ այլ լուծում պիտի գտնել։ Ի դեպ, 90-ականներին նման դեպքերում ծննդյան վայր գրում էին Հայաստան, հաշվի առնելով, որ Արցախը դեռևս միջազգային իրավունքի սուբյեկտ չէ:

Սա որպես հարց դնում եմ քննարկման՝ ադեկվատ լուծում գտնելու համար, իսկ անձնագրայինի նոր պետին խնդրում եմ փոխել Մարինայի անձնագիրն ու մաքրել Ադրբեջան անունը:

Հ.Գ. Ը դեպ, այսօրինակ դեպքերում կարելի է գրել ոչ թե պետության անվանումը, այլ միայն բնակավայրը, ինչը չի հակասի ICAO- ի ստանդարտներին»։

Իրավաբան․net-ը անձնագրի լուսանկարը չի հրապարակի՝ հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության կարգավորումները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել