Հունիսի 3-ին փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ստորագրել է N 110 որոշումը։ Համաձայն որոշման սահմանվել է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս։
Նշվում է նաև, որ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում պարտադիր է դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր:
Որոշման 18-րդ հավելվածի համաձայն, դիմակը հագնելուց առաջ ձեռքերը մշակել ալկոհոլի հիմքով ախտահանիչ/հականեխիչ միջոցով կամ լվանալ օճառով: Դիմակն այնպես կրել, որպեսզի այն փակի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև ճեղքերի: Չհպվել դիմակին օգտագործման ժամանակ, հպվելու դեպքում ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցով և լվանալ օճառով: Չկրել խոնավացած դիմակ և կրկնակի չօգտագործել մեկանգամյա օգտագործման դիմակները: Դիմակը հանելիս բռնել կապիչներից (չհպվելով դիմակի առաջային մասին) և անմիջապես նետել թափոնների համար նախատեսված փակվող աղբարկղի մեջ, մշակել ձեռքերը սպիրտ պարունակող միջոցով կամ լվանալ օճառով:
Խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց։
Խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 2 մետր հեռավորություն։