Այսօր՝ հունիսի 1-ին պարետատան հեռավար նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ բրիֆինգով, որին մասնակցեցին նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ ունեցել ենք 210 նոր արձանագրված դեպք կիրակի օրվա ընթացքում: Այսպիսով, ընդհանուր դեպքերի թիվը հասնում է 9492․ «Մենք բազմիցս շեշտել էինք, որ եթե պահպանվեին համաճարակաբանական այս տեմպերը, մայիսի վերջին կունենանք մոտ 10 հազար վարակակիր, և փաստացի այդ կանխատեսումները արդարացան: Դժբախտաբար, եղել են նաև մահվան ելքով դեպքեր՝ 8, և ընդհանուր մահվան թիվը ստացվել է 139»,-նշեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ծանր վիճակում է՝ 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին։