«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ռուբեն Վարդանյանը ռուսաստանյան մի առցանց հաղորդմանը պատմում է, որ Հայաստանից Մոսկվա վերադառնալիս իրեն երկշաբաթյա կարանտինի՝ ինքնամեկուսացման են ուղարկել ու երբ մի օր, կարանտինը չլրացած տանից դուրս է եկել ինչ-որ գործով՝ SMS է ստացել, որ զգուշացվում է կարանտինը խախտելու համար եւ որ հաջորդ անգամ կենթարկվի պատասխանատվության:
Այսինքն՝ բջջային հեռախոսներով տեղորոշման համակարգը գործում է, ինչը արդյունավետ գործիք է կարանտինի կանոնների պահպանմանը հետեւելու համար:
Նման գործիք կա նաեւ ՀՀ պարետատան ձեռքերում, որը նրան տվեց մեր ԱԺ-ն՝ համապատասխան օրենքն ընդունելով: Հիմա ես, որպես մի քաղաքացի, ով կողմ էր արտահայտվում այդ օրենքի ընդունմանը, համարելով, որ կարելի է առժամանակ զոհաբերել իմ եւ մյուս քաղաքացիների տեղաշարժման գաղտնիությունը հանուն համավարակի հաղթահարման՝ հարց ունեմ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ոչ միայն վարակվածների հետ պարզապես շփվածները, այլեւ բուն վարակվածները, անգամ երկկողմանի թոքաբորբ ունեցողները, ովքեր շատ ծանր չեն տանում Թագավարակը՝ տուն են ուղարկվում՝ ինքնամեկուսացման պահանջ-հանձնարարականով: Մինչ օրս քանի՞ ինքնամեկուսացվածի կողմից արված խախտում է բացահայտվել գեոլոկացիայի փոփոխությունը պարզելու եղանակով, քանիսն են նախազգուշացվել, իսկ քանիսը՝ պատասխանատվության ենթարկվել: Կամ, որպես շարունակություն, քանի՞ կուտակում է բացահայտվել եւ ցրվել նույն գեոլոկացիոն գործիքի կիրառմամբ (այդ թվում՝ կնունք, ծնունդ, բազմամարդ այլ միջոցառում):
Ի դեպ, այս հարցը պարետին պետք է տային նախեւառաջ համապատասխան օրենքն ընդունած ՔՊ-ական պատգամավորները, քանի որ պատգամավորի գործը միայն օրենքներ ընդունելը չէ, այլեւ դրանց իրականացումը վերահսկելը»։