Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 26-ին ընթանում է հերթական նիստը։ Նիստի սկզբին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ համավարակով պայմանավորված և պարետի որոշման համաձայն, Ազգային ժողովի դահլիճում պետք է կրել դիմակներ։
«Ես, որպես ԱԺ նախագահ՝ նախազգուշացում եմ հայտարարելու, և եթե պետք լինի՝ դահլիճից դուրս եմ հրավիրելու 1 օրով, եթե անհրաժեշտ լինի՝ 7 օրով, բոլոր այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն կրում»,-ասաց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ արդյո՞ք պետք է ողջ նիստի ընթացքում դիմակ կրել, ինչին Միրզոյանը դրական պատասխան տվեց՝ նշելով․ «Ֆեյսբուքյան լրահոսից կամ նորություններից, կայքերից, թերթերից տեսել եք, որ ես ինքս եղել եմ մի իրավիճակում, որ փակ տարածքում դիմակ չեմ կրել, ուզում եմ բոլորիդ և մեր քաղաքացիների առջև ասել՝ այո՛, ես սխալ եմ արել, մտածել եմ հանդիսավոր պահ է, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունն է, թեև փակ դահլիճում ու չեմ կրել դիմակը, բայց ես ուզում եմ խոստովանել, որ դա սխալ էր»։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ ԱԺ-ում անհարմար է դիմակով խոսել ու դա չի կարող համարվել որպես կանոնների խախտում։ «Ուզում եմ ձեզ հիշեցնել Սահմանադրության այն նորմը, որ արտակարգ դրությունը չի տարածվում Ազգային ժողովի վրա, հետևաբար արտակարգ դրության շրջանակներում պարետի որոշումները դուք չեք կարող կիրարկել խորհրդարանում և պատագամավորին դուրս հրավիրել, հետևաբար ձեր այդ որոշումը նորից քննարկեք՝ Սահմանադրության՝ իմ նշած համատեքստում»,-ասաց պատգամավորը։
Ազգային ժողովի նախագահը հակադարձեց նրան՝ նշելով, որ պետք է հաշվի առնել այն փաստը, որ այդ քայլով պետք է քաղաքացիների համար օրինակ ծառայել, բոլորի ու բոլորի ընտանիքի անդամների առողջության մասին մտախել և այլն։
Քիչ անց ամբիոնի մոտից ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` առանց դիմակի։ Արարատ Միրոյանը նրան նախազգուշացում հայտարարեց՝ դիմակ չկրելու համար։