Արայիկ Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Սմբատ Գոգյանի, Գրիշա Թամրազյանի հետ կապված

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում է։ «Երբ քեզ մի անհեթեթ բանում մեղարդում են ու դու հերքում ես, հաջոր անհեթեթությունն են ասում»,-նշում է նա։

Նախարարն անդրադարձավ նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը հովանավորչություն է ստանում փոխնախարար Գրիշա Թամրազյանից։

«Հարց է բարձրացվում, թե ինչու ՀՊՏՀ-ում մրցույթ չի անցկացվում։ Ըստ էության, բուհը վերջին 1 տարի 4-5 ամսվա ընթացքում, կապված այն պրոբլեմներից, որ նախկինից է եկել, մասնավորապես՝ կապված ատենախոսությունների հետ, անընդհատ բախվում, սթրեսի է ենթարկվում և ճգնաժամերի մեջ է ընկնում։ Ես, որպես պետական այր, նույնիսկ տարբեր ասեկոսեների, զրպարտանքների հաշվին որոշումներ եմ կայացնում, որ այդ բուհերը բնականոն աշխատանք իրականացնեն և անընդհատ ղեկավարության փոփոխությունները կամ ընտրությունները լուրջ խնդիր չհասցնեն։ Եվ հիմա, ես որոշում եմ կայացրել, որ այս ամենին վերջն դնելու համար ՀՊՏՀ-ում առաջիկա օրերին կհայտարարվի մրցույթ, ես հիմա Դիանա Գալոյանին կոչ եմ անում և հորդորում եմ՝ ելնելով այս բոլոր գործընթացներից, հավասար պայմաններ ապահովելու, տարբեր ասեկոսեներից զերծ մնալու, որ ինչ-որ մարդիկ ազդում կամ ընթացքի վրա ազդեցություն են ունենում, կոչ եմ անում և հորդորում եմ հրաժարվել ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնից և դրանով վերջնականապես զրոյացնել և թույլ չտալ, որ մրցույթը ստվերվի»,-ասաց նախարար Հարությունյանը։

Նա նաև հրապարակեց հաղորդագրությունը․

«Սա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին

Ցանկանում եմ անդրադառնալ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի կողմից իր հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Այսինքն՝ այդ հայտարարությունը, առերևույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։

Հետևաբար, խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ, առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով։ Ընդ որում, կարծում եմ, իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին։

Եվ եթե կպարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում՝ Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Կարծում եմ՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել