«Պետական նպաստների մասին» գործող օրենքի համաձայն՝ եռամսյակային հրատապ օգնությունը տրամադրվում է անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում:
Օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը և դրա տրամադրման կարգը։
1. Եռամսյակային հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող անապահովության «0» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում:
2. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը որոշում է տարածքային կենտրոնը` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խորհրդի (այսուհետ` խորհուրդ) առաջարկությամբ:
3. Եռամսյակային հրատապ օգնությունը նշանակվում է սոցիալական նպաստի չափով` երեք ամիս ժամկետով (եռամսյակով):
4. Խորհուրդը եռամսյակային հրատապ օգնության տրամադրման մասին առաջարկությունը տալիս է՝ հաշվի առնելով`
1) միայն կենսաթոշակառուներից, ծերության կամ հաշմանդամության նպաստառուներից բաղկացած ընտանիք լինելը.
2) ընտանիքում մեկից ավելի երեխայի առկայությունը.
3) ընտանիքի անդամներից մեկի կամ մի քանիսի երկարատև հիվանդությունը.
4) ընտանիքի կազմում գործազուրկ ունենալու հանգամանքը.
5) ընտանիքի կազմում ուսանող ունենալու հանգամանքը.
6) բնակարանի հրդեհը, բնակարանի (մի մասի) փլուզումը, ներտնային հաղորդակցուղիների վթարները և նմանատիպ այլ հանգամանքներ.
7) ընտանիքի անդամի մահը, ինչպես նաև կյանքի դժվարին այլ իրավիճակների պատճառներով առաջացած կարճատև ֆինանսական խնդիրների առկայությունը:
Հոդված 23. Եռամսյակային հրատապ օգնության վճարման դադարեցման հիմքերը
1. Եռամսյակային հրատապ օգնության վճարումը դադարեցվում է տվյալ եռամսյակի ընթացքում հետևյալ դեպքերում.
1) սույն օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետն այդ եռամսյակի ընթացքում լրանալու և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) չներկայացվելու դեպքում.
2) ընտանիքի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կրկնակի հաշվառման դեպքում.
3) ընտանիքի անապահովության միավորն այդ եռամսյակի ընթացքում «0» դառնալու դեպքում.
4) ընտանիքի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում:
2. Եռամսյակային հրատապ օգնություն ստանալու իրավունքը դադարեցվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի հայտնաբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից: