26-ամյա երիտասարդը հարևանի տնից 2 միլիոն 800 հազար դրամ էր գողացել

Մայիսի 14-ին, ժամը 14.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի մի բնակարանից փող, վզնոց ու մատանի են գողացել:

Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Իրավապահներն արձանագրեցին որտեղից է կատարվել գողությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Ննջարանի մահճակալի ներքնակի տակից գողացել էին 2.800.000 դրամ, պահարանից` 30.000 դրամ և արծաթյա զարդեր` բնակարանատիրոջը պատճառելով մոտ 3 միլիոն դրամի նյութական վնաս:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գաղտնի հափշտակությունը կատարել է տուժողի 26-ամյա հարևանը: Կասկածվողը մայիսի 16-ին բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին և ներկայացվեց Արարատի մարզային քննչական վարչություն:

Նա տվել է խոստովանական ցուցմունք, որ ինքն է հարմարեցված բանալիով բացել հարևանի բնակարանի դուռը և կատարել գողություն:

Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է: Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել