Երևանի ավագանին մայիսի 24-ին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունվի Երևան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անհատույց օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տրամադրել «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվում է երկարաձգել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Վիլնյուսի փողոց համար 43/2, Խաղաղ Դոնի փողոց համար 1, Անդրանիկի փողոց թիվ 125/5, ԱվանԱռինջ թաղ. 1-ին միկրոշրջան, Եղ. Թադևոսյան 11/1, Դավթաշեն 1-ին թաղ. 27/2 հասցեներում գտնվող ՀՀ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տրամադրված տարածքների անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերի ժամկետները և կնքել անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրեր՝ Պարոնյան հ.20/4 և Ազատության համար 12 հասցեներում գտնվող տարածքների վերաբերյալ:
«Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությունը երկար տարիներ շարունակ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ աջակցելով Արցախյան ազատամարտերին մասնակցած ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին։ Կազմակերպությունն իր գործունեությամբ օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը, ինչպես նաև դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով կազմակերպության գործունեության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N178-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետով՝ նպատակահարմար է գտնվել բավարարելու «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության խնդրանքը և վերոնշյալ տարածքների նկատմամբ 5 տարի ժամկետով ձևակերպելու անհատույց օգտագործման իրավունքը։