Միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծառայությունների վարձավճարների փոխհատուցման նախագիծ է շրջանառվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սպառած գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարների փոխհատուցման կարգի, անկանխիկ եղանակով վճարման համար հաշվի բացման, սպասարկման օրինակելի պայմանագրի ձևի և գումարի չափը սահմանելու մասին նախագիծը։

Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ն են միայնակ: Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնակարանային ֆոնդում ներառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, ամրացված բազմաբնակարան շենքերը և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրած և Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ, որպես սոցիալական բնակարանային ֆոնդ,  գործող բազմաբնակարան շենքերը (այսուհետ՝ սոցիալական տուն):

Այս որոշման ընդունման արդյունքում, փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների, որոնց թիվը 2020թ. հունվար ամսվա դրությամբ կազմում է 74 (հնարավոր է տարվա ընթացքում փոփոխվի): Ըստ նախնական հաշվարկների (հիմք է ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնակարն գազի, էլեկտրական էներգիայի և ջրի դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 հազ. դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում մեկ բնակչի հաշվարկով տարեկան կպահանջվի 144 հազ. դրամ, իսկ 74 բնակչի հաշվարկով տարեկան 10. 656,0 հազ. դրամ: Որոշման ընդունման դեպքում, սոցիալական տան միայնակ բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:

Սոցիալական տներում շահառուներին կացարանով ապահովման կարգը և ծառայությունների տրամադրման գործընթացը կանոնակարգված է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ: Համաձայն որի, կացարանով ապահովվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք չունեցող անձինք, որոնք սոցիալական վիճակով պայմանավորված հնարավորություն չունեն լուծելու իրենց բնակարանային խնդիրը: Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, և երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված: Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում դժվարանում են վճարել կոմունալ ծառայությունների վարձավճարները՝ կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և ապրելու, և կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար, և պարբերաբար խնդիրներ են առաջացնում սոցիալական տների ղեկավարների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել