Պարետ Տիգրան Ավինյանի ցուցումը՝ կենսաթոշակառուների և նպաստառուների վերաբերյալ

Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցուցում է ստորագրել, որի համաձայն բանկ ներկայանալու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող կենսաթոշակառուի (նպաստառուի) համար այդ ժամկետը սահմանվել է 2020 թվականի մայիսի 27-ը։

Պարետի ցուցման մեջ նաև նշվում է․

«Կենսաթոշակ, խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և չաշխատող անձի մայրության նպաստ նշանակելու, կենսաթոշակ և խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակ և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում այդ դիմումը ներկայացնելու ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.

Հաշմանդամության ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում հաշմանդամության ժամկետը սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը.

Ընտանիքի փաստագրման ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում դիմելու (փաստագրվելու) ժամկետը սահմանել 2020 թվականի մայիսի 27-ը.

2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին կենսաթոշակները և նպաստները կանխիկ եղանակով վճարել (վճարման ծառայությունները մատուցել) բացառապես շահառուի բնակության վայրի հասցեում»։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ցուցման համաձայն, բանկերին պետք է տեղեկացնի այս ցուցման մասին՝ ապահովելով նաև բանկերի կողմից կարճ հաղորդագրության (sms հաղորդագրությունների) միջոցով կենսաթոշակառուների իրազեկումը բանկ ներկայանալու նոր՝ երկարաձգված ժամկետի մասին, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պետք է ցուցման մասին տեղեկացնի կենսաթոշակ և նպաստ նշանակող մարմիններին՝ միջոցներ ձեռնարկելով 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսների կենսաթոշակների և նպաստների վճարման անխափան ընթացքն ապահովելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել