Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 12-ին շարունակում է քննարկվել Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ ունեցավ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով՝ թեմայից շեղվելով, խոսեց երեկ՝ մայիսի 11-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի քննարկման մասին։
«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վարչապետի հետ քննարկման ժամանակ ջանք ու եռանդ չխնայեց վարչապետին ապացուցելու համար, թե ինչու և ինչպես Հայաստանում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթինգ ու անցումային արդարադատություն։ Թե ինչու՞ հնարավոր չէ իրականացնել բարեվարքության և ոչ թե ձևական կանոններ, որոնք կստիպեն դատավորներին նախկինից տարբերվող գործելաոճ որդեգրել։ Ռուստամ Բադասյանը գործանականում երեկ ռեկորդ սահմանեց այն հարցում, թե ինչպես կարելի է հեղափոխության առաջնորդին համոզել, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են այլ այն ամենի պահպանումը, հանուն որոնց փոփոխության տեղի է ունեցել այդ հեղափոխությունը և սա այն դեպքում, երբ մենք այսօր Նիկոլ Փաշինյանի և ձեր՝ քաղաքական մեծամասնության արդարադատության նախարարից պետք է լսեինք դատական համակարգում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու ռազմավարություն մշակելու, ուղիղ մեկ տարի առաջ՝ մայիսի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականի մասին հաշվետվություն։ Բայց փոխարենը մենք լսեցինք, թե ինչպես արդարադատության նախարարը վարչապետին զեկուցեց, որ ամբողջությամբ տապալել են նրա իսկ տված հանձնարարականի կատարումը։ Այսպիսով, Ռուստամ Բադասյանը երեկ արձանագրեց, որ այլևս պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական անցումային արդարադատության ու բարեվարքության կանոնների մասին, քանի որ պարզվում է, որ դրանց կիրառմանը խանգարում է Սահմանադրությունը, Վենետիկի հանձնաժողովը, խանգարում է այն ամենը ինչ հնարավոր է»,-ասաց Արման Բաբաջանյանը։
Նա նաև նշեց, որ երեկ արձանագրվեց այն, որ վարչապետին բավարարում են իր արդարադատության նախարարի՝ դատական համակարգը հեղափոխությունից հնարավորինս հեռու պահելու մասին հիմնավորումները․ «Որոնք գրեթե նույնական են մեր երկրում արդարադատությունը բռնաբարած նախարարներ Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի փաստարկների ու բերած ապացույցների հետ»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում