Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական դեպքը ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները բացահայտեցին:
Ապրիլի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ոստիկանները ստուգեցին Վանաձորի 33-ամյա մի բնակչի` փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:
Բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Պարզվել է` վառելափայտը պատկանում է Վահագնաձոր գյուղի 50-ամյա մի բնակչի, որն ապրիլի 28-ին գյուղի վարչական տարածքի «Լոռի» հանգստյան տան շրջակայքից բենզասղոցով ապօրինի հատել էր մեկ ծառ:
Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: