Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 27-ին Արևիկ գյուղի բնակիչ, 61-ամյա մի կին կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, նռնակներ, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 40-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել է հանգուցյալ ամուսնուն։
Դարձյալ ապրիլի 27-ին ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ մարզի բնակիչներից մեկը չգործող մի շինության մոտ հրազեն է թողել։ Տարածք մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերեց օպտիկական սարքավորումով և գործարանային համարով հրազեն։
Արթիկի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ ու տարբեր տրամաչափի 130-ից ավելի փամփուշտ՝ հայտնելով, որ հանգուցյալ հորը պատկանած զինամթերքը գտել է խորդանոցը մաքրելիս։
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 28-ին Ուջան գյուղի մի բնակիչ հանձնել է տարբեր տրամաչափի 237 փամփուշտ, «Ջ-1» տեսակի 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի 6 պայթուցիչ և հակատանկային նռնականետի 1 նռնակ: Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ եղբորը։
Պայթուցիչներով նռնակներն ու ինքնաձիգի 280-ից ավելի փամփուշտները Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է հանձնել Երևանի 36-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ հանգուցյալ պապին պատկանած զինամթերքը գտել է ավտոտնակում։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: