Երբ խոշորացված համայնքի ղեկավարը ոչ լեգիտիմ, ապաշնորհ և ոչ կոմպետենտ մեկն է լինում, արդյունքը լինում է աղետալի. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը տարածել է մարզպետարանում հրապարակված իր հայտարարությունը՝ նշելով․

«Երբ խոշորացված համայնքի ղեկավարը ոչ լեգիտիմ, ապաշնորհ և ոչ կոմպետենտ մեկն է լինում, արդյունքը լինում է աղետալի. նմանները չեն հանդուրժում իրենցից խելացի, բանիմաց, համայնքին նվիրված, զարգացող ու իրենց համայնքը զարգացնելու երազանքով ապրող մարդկանց: Գյուլագարակն ու գյուլագարակցին արժանի է ունենալ գյուղը շենացնող ազնիվ համայնքապետ, ով կօգտագործի իր ողջ ներուժը հանուն գյուղի ու գյուղացու, այլ ոչ թե ընդդեմ…»:

Իսկ պաշտոնական հայտարարության մեջ գրվում է․

«Հարգելի’ հայրենակիցներ,
սիրելի’ լոռեցիներ
Վերջին օրերին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում տեղի ունեցող իրադարձություններն ու զարգացումները ինձ՝ որպես Լոռու մարզպետի, պարտավորեցնում են հանդես գալու հայտարարությամբ՝ ներկայացնելով Գյուլագարակ խոշորացված համայնքի համայնքապետ Մհեր Գևորգյանի անօրինական գործողությունների ողջ շղթան:
Սույն թվականի ապրիլի 10-ին, ժամը 11.00-ին Գյուլագարակի համայնքապետարանի ֆեյսբուքյան հարթակով ուղիղ հեռարձակվել է Գյուլագարակ համայնքի ավագանու նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը հանդես է եկել ավագանու առջև և ներկայացրել իր հրաժարականը: Վերջինս հրաժարականի վերաբերյալ դիմումը էլեկտրոնային փոստով ներկայացրել էր նաև Լոռու մարզպետարան: Սակայն հետագայում՝ ավագանու նիստից օրեր անց, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի կողմից Լոռու մարզպետարան է ներկայացվել համայնքի ավագանու 10.04.2020թ.-ի արտահերթ նիստի արձանագրության քաղվածքը, որտեղ, սակայն, օրակարգի մեջ առհասարակ ընդգրկված չէ համայնքապետի հրաժարականի վերաբերյալ հարցը:
Թե որքանով է կեղծված փաստաթղթի բովանդակությունը, պարզ կլինի առաջիկայում:
Ելնելով վերը շարադրված փաստերից՝ Լոռու մարզպետի կողմից հայց է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ավագանու՝ Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանի կողմից Գյուլագարակ համայնքի ավագանուն ներկայացված հրաժարականի վերաբերյալ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն կազմելուն և այդ արձանագրությունը ՀՀ Լոռու մարզպետին ներկայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Բացի այդ, 29.04.2020թ.-ին Լոռու մարզպետի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ Լոռու մարզի դատախազ Գ.Մանուկյանին, որտեղ նշվել է՝ «հաշվի առնելով տեղի ունեցած իրադարձությունները, խնդրում եմ Գյուլագարակ համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի գործողություններին ու ոչ իրավաչափ վարքագծին տալ իրավական գնահատական և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալ»: Լոռու մարզպետի կողմից ներկայացված հայցը ՀՀ վարչական դատարանի կողմից ընդունվել է վարույթ և դատաքննության ավարտից հետո հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին:
Այսօր տեղեկացել ենք, որ Մհեր Գևորգյանի կողմից աշխատանքից ազատվել են Վարդաբլուր և Կուրթան բնակավայրերի վարչական ղեկավարները՝ Ռուսլան Օհանյանը և Նարեկ Նալբանդյանը: Հարկ է նշել, որ երկուսն էլ անօրինական են ազատվել աշխատանքից: Վարդաբլուրի վարչական ղեկավարը ներկայացրել է դիմում աշխատանքից ազատման վերաբերյալ, ինչին ի պատասխան հաջորդ օրը հետևել է Մհեր Գևորգյանի կարգադրությունը՝ Վարդաբլուրի վարչական ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին:
Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի նախաձեռնությամբ, սակայն նույն օրենսգրքի 112 հոդվածի 3-րդ կետի համաձայն աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այսինքն, Մհեր Գևորգյանի կարգադրությամբ խախտվել է աշխատողի՝ Վարդաբլուր վարչական ղեկավարի իրավունքը, որն ամրագրված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ կետով: Վերջինս կարող է հետ վերցնել իր կողմից ներկայացված դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում, որը դեռևս չի սպառվել: Ինչ վերաբերվում է Կուրթան բնակավայրի վարչական ղեկավարին, ապա այստեղ նույնպես Մհեր Գևորգյանի կողմից արձակված կարգադրությունը ոչ իրավաչափ է հետևյալ պատճառաբանությամբ: Որպես իրավական հիմք՝ կարգադրության մեջ նշված է ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետը, այն է՝ «աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում»:
Ներկայացնում եմ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 122 հոդվածը, որը հստակ մեկնաբանում է, թե որ դեպքերում կարելի է լուծել պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ.

«1. դրամական կամ ապրանքային արժեքներ սպասարկելիս կատարել է այնպիսի արարքներ, որի հետևանքով գործատուն կրել է նյութական վնաս.

2. ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք.

3. հրապարակել է պետական, ծառայողական, առևտրային կամ տեխնոլոգիական գաղտնիքներ կամ դրանց մասին հայտնել է մրցակից կազմակերպությանը»: Եվ հրատապության կարգով ու բովանդակալի պատասխանի ակնկալիքով հարց է առաջանում՝ վերը նշված կետերից ո՞րն է խախտել Կուրթան բնակավայրի վարչական ղեկավարը:

ՀԳ. Վերջին 20 օրերին Գյուլագարակում կատարվող զարգացումները գալիս են ևս մեկ անգամ վերահաստատելու իմ մոտեցումը տասնամյակներով ճնշումների ու անձնական շահի մոլուցքով առաջնորդված համայնքապետի նկատմամբ: Այլևս անցել են ճնշումների, բռնությունների, ահուսարսափ տարածելու մեխանիզմով, կաշառելով ու հարայ-հրոցով հարցեր լուծելու ժամանակները: Իշխանությունն այլևս ժողովրդինն է, ով արժանի է ունենալ աշխատող ու ջանացավ համայնքապետ, ով սեփական ունեցվածքն ու կալվածքները շարունակաբար ընդլայնելու ու սոցիալական աջակցության ու արտոնությունների տեսքով չնչին գումարներով բնակչության առաջ աչքակապություն անելու փոխարեն իսկապես կլծվի արդար, ազնիվ ու ստեղծագործ աշխատանքի:

Ես՝ որպես Լոռու մարզպետ, դատապարտում եմ Գյուլագարակ համայնքի ղեկավարի անօրինական քայլերը:

ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել