Կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարել, թե որ ԶԼՄ-ն ումից և որքան գումար է ստացել

ԼՈՒՐԵՐ.com լրատվական կայքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով լրատվական դաշտի ներկայացուցիչներին, այսպես բնորոշեց. «Լրատվական դաշտն այժմ կատաղած է, քանի որ նախկինում 99%-ն իշխանությունից փող էր ստանում, իսկ այժմ՝ ոչ: Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել: Այդպես է կառավարվել, իսկ հիմա չի ստանում այդ փողը, և ամբողջ լրատվական դաշտը կատաղած է, որ հիմա փող չի ստանում: Ուրիշ տեղերից էլ, որ ստանում են, վախվխելով են ստանում՝ կարո՞ղ է ինչ-որ տեղ, ինչ-որ բան բացահայտվի, խայտառակ լինեն»,- նշել է Փաշինյանը:

Կոչ ենք անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարել, թե որ ԶԼՄ-ն ումից և որքան գումար է ստացել կամ, առնվազն, իրավական գործընթաց սկսել մամուլի այն ներկայացուցիչների դեմ, որոնք իշխանություններից գումարներ են վերցրել՝ այս կամ այն ծառայություններն իրականացնելու համար:

Հակառակ դեպքում ստացվում է` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լինելով լրատվական դաշտի ներկայացուցիչ, ով երկար տարիներ աշխատել է որպես լրագրող, խմբագիր, անհիմն անվանարկելով ու թիրախավորելով ԶԼՄ ներկայացուցիչներին, հեղինակազրկում է լրագրողի մասնագիտությունը և իջեցնում վերջիններիս վարկանիշը հանրության շրջանում: Ուստի, եթե կան փաստեր` պետք է անհապաղ վերհանել դրանք և տեղափոխել իրավական դաշտ:

Կոչ ենք անում մեր գործընկեր լրատվամիջոցներին միանալ այս պահանջին՝ իրենց լրատվամիջոցում հրապարակելով այս տեքստը և հասատատելով իրենց միացումը նախաձեռնությանը:

Միառժամանակ, ամենայն պատասխանատվությամբ, հայտնում ենք, որ ԼՈՒՐԵՐ.com լրատվական կայքը տարիներ շարունակ աշխատել է առանց խափանումների, աշխատակիցները պատշաճ վարձատրվել են, իսկ կայքի բյուջեն ձևավորվել է բացառապես կայքի սեփականատեր Արման Վարդանյանի անձնական գումարների և գովազդից ստացված եկամուտների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել