ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ՀՀ վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերի օգտագործման վերաբերյալ հայտարարություն է տարածել․
«Հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի եմ համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերն օգտագործելով երկրի ղեկավարին ծաղրելը կամ այդպիսի փորձերը:
Ինձ հատկապես անհանգստացնում է այն, թե ինչ եղանակով է դա ներկայացվում հանրությանը ու ինչ արձագանքի է արժանանում նման նյութը:
Մի՞թե մենք այսպես ենք պատկերացնում մեր պետականության զարգացումն ու ժողովրդի ներուժը: Այս ի՞նչ աստիճանի է հասել հանրային օրակարգը: Հանրային գործչի, ընդդիմախոսի կամ նույնիսկ քաղաքական ընդդիմադիրի կամ ընկերոջ ու ազգականի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կամ արձագանքն անընդունելի է:
Մենք պետք է առաջնորդվենք մեր պետության ու ժողովրդի խոհրդանիշների նկատմամբ բարձր հարգանքով՝ Նախագահից ու Վարչապետից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու Վեհափառ Հայրապետից սկսած: Հակառակ դեպքում մենք չենք ունենա ո՛չ ներդաշնակություն մեր հանրային կյանքում, ո՛չ էլ համերաշխություն ու խաղաղություն սերունդների միջև:
Սա է Հայոց պետականության, մեզնից յուրաքանչյուրի արժանապատվության ու նվիրումի հրամայականը»: