Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ամփոփում. 5 օրում 412 զանգ՝ այդ թվում նաև այլ մարզերից։ Նախորդ աշխատանքային շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով Լոռու մարզպետարանում գործող թեժ գծի միջոցով սպասարկվել Է 412 քաղաքացի:
Քաղաքացիները դիմել են թեժ գիծ ոչ միայն պետական աջակցության առկա ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, այլև` պրակտիկ օգնություն ստանալու համար` դիմումների ներկայացման գործընթացում:
Հարցերի գերակշիռ մասը վերաբերել է սոցիալական աջակցության ծրագրերին: Բազմաթիվ քաղաքացիներ օժանդակություն են ստացել դիմումի լրացման ամբողջ ընթացքում, եթե դժվարություն են ունեցել առցանց համակարգից օգտվելու հետ կապված:
Տոկոսային հարաբերակցությամբ թեժ գծի ծառայություններից ավելի շատ օգտվել են կանայք, հատկապես` երիտասարդ մայրիկները և ծրագրերով հետաքրքրված տատիկները ): Աշխարհագրական առումով ներկայացվածությունը ամբողջ մարզի կտրվածքով է` գյուղական ու քաղաքային բնակավայրերի առումով գրեթե հավասար պատկեր է:
Հետաքրքրական է, որ Լոռու մարզպետարանի թեժ գիծ դիմում են ոչ միայն մարզի բնակիչները, այլև հաճախ նաև մայրաքաղաքից և այլ մարզերից: Իհարկե, նրանք ևս ստանում են իրենց հարցերի սպառիչ պատասխանները»: