Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցները Հանրապետության մշակութային, գիտակրթական և ակադեմիական հաստատությունների և կառույցների ղեկավարների, մշակույթի, արվեստի գործիչների հետ։
Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակզմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահը հեռախոսազրույց է ունեցել կոմպոզիտոր, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի հետ: Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է ներկա իրավիճակում կոմպոզիտորի գործունեությամբ, մինչև կորոնավիրուսի համավարակը նախատեսված ծրագրերով և դրանց հետագա ճակատագրով, ինչպես նաև ապագային միտված նախագծերով:
Նախագահն ու արվեստագետն անդրադարձել են «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հետ կապված հարցերին, հեղինակավոր արվեստագետների ու երաժիշտների հետ համագործակցության հնարավորություններին:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրավիճակի կարգավորումից հետո հնարավոր կլինի բոլոր նախանշված ծրագրերն ու անելիքները կյանքի կոչել, իսկ այս դադարն օգտագործել նոր գործերի ստեղծման ու նոր ծրագրերի ուրվագծման նպատակով: