Ոստիկանները բացահայտել են Արտաշատում կատարված դանակահարությունը

Ապրիլի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկից հաղորդում ստացվեց, որ որովայնի և ձախ ազդրի ծակած-կտրած վերքերով Արտաշատից իրենց մոտ է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ: Նրան դանակահարել էին:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Իրավապահները կազմեցին համապատասխան արձանագրություններ: Զրուցեցին բժշկի ու տուժողի հետ: Պարզվեց` ժամը 17-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Մանուշյան փողոցում տուժողը վիճել էր անծանոթ տղամարդու հետ, որն էլ դանակահարել էր նրան:

Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց պարզ դարձավ, որ տուժողին մարմնական վնասվածք է պատճառել Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցի 37-ամյա մի բնակիչ:

Կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել