Երևանի քաղաքապետարանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Արմենուհի Հարությունյանի` «Պատասխանողից 200.000 դրամ բռնագանձելու նպատակով վճարման կարգադրություն արձակելու» պահանջի մասին։
ՀՀ վարչական դատարանը 19.01.2011թ. արձակել է ՎԴ/1212/03/11 վճարման կարգադրությունը։ Պատասխանողի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել հակընդդեմ հայց ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` վարչական ակտը վերացնելու պահանջի մասին։
Հայցվորը դիմելով դատարան հայտնել է, որ Երևանի քադաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակցի կողմից 20.10.2010թ. կազմած թիվ 002498 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության համաձայն` Արմենուհի Հարությունյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող Հերացու փողոցի 2/5 հասցեում, ինքնակամ իրականացվել Է կետային բետոնե հիմքերի կառուցման, մետաղական սյուների տեղադրման, մետաղական հեծանի, բազրիքի և հիմնական մետաղական հեծանին զույգ կոնստրուկցիաների մոնտաժման շինարարական աշխատանքներ։
Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի՝ 10.11.2010թ. հ. Վ-40/6 արձանագրության հիման վրա ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 23-րդ հոդվածի երկրորդ կետի, 154-րդ հոդվածի առաջին մասի, 219.1-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներին համապատասխան Երևանի քաղաքապետի կողմից 10.11.2010թ. կայացվել Է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ հ. Վ-40/6 որոշումը, որով Արմենուհի Հարությունյանը ենթարկվել Է վարչական պատասխանատվության 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Պատասխանող կողմի հայտարարության համաձայն` արձանագրության, որոշման մեջ նշված շինարարական աշխատանքները կատարել է դեռևս 2009 թվականին, 13.01.2009թ. անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական ստանալուց հետո։
Դատարանի կողմից կատարվել է տեղատեսություն` վիճարկվող որոշման մեջ նշված, Հերացի փողոցի հ. 2/5 հասցեում։ Տեղատեսության արդյունքում պարզվել է, որ նշված շինությանը կից առկա է բարեկարգ վիճակում գտնվող հարթակ։ Վիճարկվող որոշման մեջ որպես իրավախախտում նշված փաստական հանգամանքների վերաբերյալ ժամանակային որևէ տվյալ առկա չէ։ Մասնավորապես, առկա չէ վիճարկվող որոշման մեջ նշված` «ինքնակամ իրականացված կետային բետոնե հիմքերի կառուցման, մետաղական սյուների տեղադրման, մետաղական հեծանի, բազրիքի և հիմնական մետաղական հեծանին զույգ կոնստրուկցիաների մոնտաժման շինարարական աշխատանքների, կատարման ժամանակի վերաբերյալ տվյալներ։
Սույն գործով դատարանը որոշեց Արմենուհի Հարությունյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել։ Անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 10.11.2010թ. «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-40/6 որոշումը։ Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Արմենուհի Հարությունյանի` վարչական տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասին, մերժել։
Աղբյուրը` Իրավաբան.net