ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչությունը (իրավանախորդ` ՀՀ ԿԱ ՊԵԿ Շահումյանի հարկային տեսչություն) հայց է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ «Դիցավան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` պետական բյուջեի օգտին 3.308.900 դրամ բռնագանձելու պահանջի մասին։
2010թ. օգոստոսի 18-ի դրությամբ «Դիցավան» ՍՊԸ-ի պարտքը պետական բյուջեի հանդեպ կազմում է 3.308.900 դրամ, որից հարկ` 2.477.400 դրամ, տույժ` 371.700 դրամ, տուգանք` 459.800 դրամ։
Պատասխանողի մոտ 27.08.2009 թվականին կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, որի արդյունքում կազմվել է թիվ 1006540 ակտը։ Ակտով առաջադրված շահութահարկի տուգանքից չի վճարվել 459.800 դրամ։
«Դիցավան» ՍՊԸ-ի տնօրեն Ի. Հովհաննիսյանը հայտնեց, որ հարկադիր կատարման ծառայության տեսուչի կողմից տեղեկացվել է, որ Ընկերությանը սնանկ ճանաչելու գործընթաց է սկսվել: 2009 թվականին, պայմանագիր ունենալով պաշտպանության նախարարության հետ` բանակի համար ապրանք ներկրելու վերաբերյալ, ՍՊԸ-ն մեծ գումարներ է փոխանցել, որոնք անհայտացել են, արդյունքում ինքը 2010 թվականին գործունեությունը դադարեցնելու դիմում է տվել Շահումյանի ՀՏ։
Դատարանը վճռեց հայցը բավարարել և «Դիցավան» ՍՊԸ-ից հօգուտ պետական բյուջեի գանձել ընդհանուր առմամբ 3.375.078 դրամ, այդ թվում ապառքը` 2.477.400 դրամ, դրա նկատմամբ հաշվարկված տույժը` 371.700 դրամ, տուգանքը` 459.800 դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքը` 66.178 դրամ։
Աղբյուրը` Իրավաբան.net