Վարչական մարմինը պարտավոր է իրականացնել վարչական վարույթ և կայացնել վարչական ակտ: Սակայն գոյություն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք կարող են խոչընդոտել անաչառ վարույթ իրականացնելուն և վարչական ակտ կայացնելուն:
Եվ այսպես` վարչական մարմնի պաշտոնատար անձն իրավունք չունի քննարկելու և լուծելու գործը, եթե նա`
ա) վարույթի մասնակից է.
բ) վարույթի մասնակիցներից որևէ մեկի ներկայացուցիչն է.
գ) աշխատում է վարույթի մասնակիցներից որևէ մեկի մոտ.
դ) վարույթի մասնակիցներից որևէ մեկի կամ նրա ներկայացուցչի ազգականն է` զավակը, ծնողը, հարազատ հայրը կամ մայրը, եղբայրը կամ քույրը կամ նրանց զավակը, հորեղբայրը կամ հորաքույրը կամ նրանց զավակը, մորեղբայրը կամ մորաքույրը կամ նրանց զավակը, ամուսինը (ընդ որում, ամուսնալուծության փաստը սույն կետով նախատեսված հիմքը բացառող հանգամանք չէ), փեսան, հարսը, ամուսնու ծնողները կամ նրանց զավակը կամ եղբայրը կամ քույրն է.
ե) նախկինում մասնակցել է տվյալ գործի քննարկմանը:
Այս հիմքերից մեկի առկայության դեպքում վարչական մարմնի ղեկավարը, վարչական վարույթ իրականացնող պաշտոնատար անձը (եթե վարչական վարույթն իրականացնում է կոլեգիալ մարմինը, ապա կոլեգիալ մարմնի անդամը) պարտավոր է անհապաղ ինքնաբացարկ հայտնել:
Վարչական մարմնի ղեկավարի ինքնաբացարկի դեպքում նրա փոխարեն վարչական վարույթն իրականացնում է օրենքով նշված պաշտոնատար անձը, իսկ օրենքով համապատասխան պաշտոնատար անձ նշված չլինելու դեպքում` ինքնաբացարկ հայտնած ղեկավարի տեղակալը, վերջինիս բացակայության դեպքում` ղեկավարին փոխարինելու լիազորություն ունեցող պաշտոնատար այլ անձ:
Եթե ինքնաբացարկ է հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձը, ապա եռօրյա ժամկետում վարչական մարմնի ղեկավարի կողմից նա փոխարինվում է իրավասու այլ անձով:
Աղբյուրը` Իրավաբան.net