Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ որոշմամբ՝ միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:
Ծրագրում ընդգրկված ընտանիքը կարող է աջակցություն ստանալ, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում երեխան և ծնողներից առնվազն գտնվել են Հայաստանում:
Ուշադրություն. ընտանիքը չի կարող աջակցություն ստանալ այն դեպքում, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարը կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը:
Աջակցություն չի կարող ստանալ նաև այն երեխայի ընտանիքը, որը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը բարձր է 28.01-ից:
Շահառու չեն կարող դառնալ նաև այն երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը, ովքեր 2020 թ. մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:
Եթե շահառուն համապատասխանում է ՀՀ կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերից մի քանիսով սահմանված չափորոշիչներին, պետք է ընտրի դրանցից որևէ մեկը՝ օրինակ՝ այն, որի շրջանակներում ստացվող աջակցությունն առավել մեծ է:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ, այսինքն՝ մեկ անգամ, ընտանիքում առկա յուրաքանչյուր երեխայի համար՝ 26 500-ական դրամ գումարի չափով:
Այս միջոցառման շրջանակներում աջակցություն ստանալու համար ընթացակարգ դեռևս սահմանված չէ: Ուստի՝ այս պահին դիմել պետք չէ: Կարգը հաստատելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը պատրաստ կլինի 2020 թ.-ի ապրիլի 9-ին, ինչից հետո միայն կընդունվեն դիմումներ:
Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:
Միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում: Լրացնելով աջակցություն ստանալու համար սահմանված դիմումը՝ Դուք համաձայնություն եք տալիս Ձեր տվյալների հրապարակման համար: