Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսանը հայտնում է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի հետ կապված՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մասին շատ է խոսվում, քննարկվում, հարկ եմ համարում հայտնել, որ Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք:
Լիահույս եմ, որ մեզ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և բացի նշված թվով մեր քաղաքացիներից, ովքեր բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի մեր հանգստյան տների կարանտիններում։ Նրանք պարբերաբար թեստավորվում են և գտնվում բժիշկների ամենօրյա հսկողության ներքո։
Հավաստիացնում եմ՝ արվել է ամեն ինչ մեր սիրելի Չարենցավանում օր առաջ կասեցնելու վարակի տարածման տեմպերը և կայունացնելու իրավիճակը։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ իրավիճակը լիարժեքորեն գտնվում է մեր հսկողության տակ:
Այս ամենով հանդերձ, Չարենցավանում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքի և մի շարք տնտեսվարողների համագործակցության արդյունքում սոցիալական մի շարք նախաձեռնություններ և ծրագրեր են իրականացվում»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 736, որից 43-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 686, բացասական թեստերը եղել են՝ 3258-ը, մահվան դեպքերը՝ 7-ը: