Արման Մելիքյանի մորն ընտրակաշառք առաջարկելու ահազանգը չի հիմնավորվել. դատախազություն

«Tert.am» կայքում 2013 թվականի փետրվարի 5-ին հրապարակվել էր «Արման Մելիքյանն ասում է, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել» վերտառությամբ հոդվածը, որը 2013թ. փետրվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` հոդվածում մատնանշված հանգամանքներն ստուգելու համար:

Ինչպես հայտնում է ՀՀ դատախազությունը, ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվել, որի շրջանակներում բացատրություն է վերցվել ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանից: Նա հերքել է իր մորն ընտրակաշառք առաջարկելու փաստն ու հայտնել, որ իր խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից եւ ավելացրել, որ նման առաջարկներ արվել են իր նախընտրական շտաբի անդամներ Է.Ասատրյանի և Ռ.Ալեքսանդրյանի հարազատներին:

Ա. Մելիքյանը նշել է նաև, որ Երևան քաղաքի մի շարք վարչական շրջանների շենքերի լիազոր-ներկայացուցիչներ շրջանառության մեջ են դրել մշակված ձևաթուղթ, որի վերջին տողում նշված է` «կքվեարկեն արդյոք ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին» նախադասությունը, ինչը թեկնածուն դիտել է որպես քաղաքացիների ազատ կամքի արտահայտության նկատմամբ ճնշումներ գործադրելու և ահաբեկելու եղանակ:
Նյութերը նախապատրաստելիս բացատրություններ են վերցվել նաև Արման Մելիքյանի նախընտրական շտաբի պետ Է.Ասատրյանից և շտաբի անդամ Ռ.Ալեքսանդրյանից: Վերջիններս իրենց բացատրություններում հայտնել են, որ ընտրակաշառքներ առաջարկել են իրենց մայրերին` Դ.Սաֆարյանին և Ս.Վարդումյանին: Այդ կապակցությամբ բացատրություններ են վերցվել նաև վերջիններից:

Համադրելով Է.Ասատրյանի և նրա մայր Դ.Սաֆարյանի բացատրությունները` պարզվել է, որ դրանցում առկա են էական հակասություններ, որոնք պարզաբանելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցներ, բացատրություններ են վերցվել վկայակոչված անձանցից, հանձնարարականներ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Բացատրություններում Է.Ասատրյանը հայտնել է, թե մոր բնակարան այցելած ՀՀԿ ներկայացուցիչը բնակարանում գրանցված անձանց անձնագրային տվյալները տրամադրելու և ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի օգտին քվեարկելու համար առաջարկել է 10.000 ՀՀ դրամ, մինչդեռ մայրը` Դ.Սաֆարյանը, հերքել է իրեն ինչ-որ կոնկրետ գումար առաջարկելու հանգամանքը։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է անհապաղ ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

2013թ. փետրվարի 19-ին ոստիկանությունից հատուկ քննչական ծառայությունում ստացվել է պատասխան գրություն այն մասին, որ ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում Դ.Սաֆարյանի բնակության շենքի բնակիչների շրջանում ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ փաստեր չեն հայտնաբերվել, քանի որ այդպիսիք չեն եղել։

Ռ.Ալեքսանդրյանն ու նրա մայր Ս.Վարդումյանը բացատրություններ են տվել, որ 2013թ. հունվարի վերջերին Ս.Վարդումյանն իրենց տուն այցելած Արաբկիրի վարչական շրջանի թիվ 18 տեղամասի լիազոր-ներկայացուցիչ, ՀՀ Նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի նախընտրական տարածքային շտաբի անդամ Ս.Մարտիրոսյանի ներկայությամբ արտերկրում բնակվող որդու հետ հեռախոսազրույցի ընթացքում կատակելով ասել է. «Մի 10.000 դրամ չվերցնեմ ու ձայն տամ»: Ի պատասխան ասվածի` Ս.Մարտիրոսյանը միջամտել է ու հայտնել, թե «10.000 չէ, բայց 5.000 դրամ կտամ»: Մոր և որդու խոսակցությունն ավարտվելուց հետո այդ թեման որևէ այլ զարգացում չի ունեցել, և Ս.Մարտիրոսյանը հեռացել է։
Վերջինս բացատրությամբ հաստատել է նույն հանգամանքները և պարզաբանել, որ թե Ս.Վարդումյանի, թե իր խոսքերն ընդամենը կատակ են եղել։

Այսպիսով՝ Դ.Սաֆարյանին ընտրակաշառք առաջարկելու դրվագով նյութերի նախապատրաստմամբ, բացի վերջինիս ու Է.Ասատրյանի հակասական բացատրություններից, հանցագործության դեպքի առկայությունը հաստատող բավարար փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, հետևաբար՝ բացակայում են քրեական գործ հարուցելու հիմքերը:

Ս. Վարդումյանին ընտրակաշառք առաջարկելու դրվագով նյութերի նախապատրաստմամբ ևս չի հիմնավորվել ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առկայությունը, քանի որ հիմնավորվել է, որ Ս.Մարտիրոսյանն ընտրությունների անցկացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների խաթարմանը միտված դիտավորյալ գործողություններ չի կատարել։

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` 2013թ. փետրվարի 19-ի որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Որոշման պատճենն ուղարկվել է «Tert.am» էլեկտրոնային կայքին և բացատրվել բողոքարկման կարգը ` որոշման հետ համաձայն չլինելու դեպքում:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել