Երևան քաղաքի Այգեստան 11-րդ փողոցի թիվ 87 բնակելի տան սեփականատեր է հանդիսացել Արուսյակ Աշչյանը, նշված տունը նվիրատվության պայմանագրերով մի քանի անգամ փոխանցվել է այլ անձանց և ի վերջո փաստացի տիրապետվել Աստղիկ Կարապետյանի կողմից, ով 1987թ. դեկտեմբերի 30-ից առ այսօր բնակելի տունը բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք։
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
172 հոդվածի 5-րդ կետի՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով։
178 հոդվածի 1-ին կետի՝ տիրազուրկ է համարվում այն գույքը, որի սեփականատերը հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից, իսկ 3-րդ կետը սահմանում է, որ տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով /հոդված 187/։
187 հոդվածի 1-ին կետի՝ քաղաքացին, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք /ձեռքբերման վաղեմություն/, իսկ 2-րդ կետը սահմանում է, որ տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը։
280 հոդվածի 1-ին կետի՝ քաղաքացին կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։
14 հոդվածի 1-ին կետի՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է իրավունքը ճանաչելով։
ՀՀ վճռաբեկ դատարանն իր բազմաթիվ որոշումներում, մասնավորապես 10.10.2007թ. հա. 3-1435 /ՎԴ/ որոշմամբ, մեկնաբանել է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու ինստիտուտը։
Մասնավորապես ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։
Դրանք են`
1.Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես իր սեփականը,
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ,
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով։
Դատարանը, վերը նշված նորմերի հիման վրա հանգել է այն եզրակացության, որ վերը նշված բնակարանի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով պետք է ճանաչել Աստղիկ Կարապետյանի սեփականության իրավունքը:
Աղբյուրը` Իրավաբան.net