Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ Պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ մեր հանրապետությունում երկարացվել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Ըստ այդմ,
Այսօր, ժամը 14:00-ից մարզի մի շարք բնակավայրերի մուտքերի մոտ և Երևան-Սևան մայրուղու վրա գործում են հսկիչ անցակետեր:
Քիչ առաջ շրջել եմ մարզի տարածքում գործող մի քանի անցակետերում և հետևել իրականացվող գործողություններին:
Տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության մեր գործընկերները մարզպետարանի ստորաբաժանումների, մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների աջակցությամբ ստուգում են մեր քաղաքացիների տեղաշարժման շարժառիթները: Կատարվում են ջերմաչափումներ և անհրաժեշտ այլ գործողություններ:
Սիրելինե՛րս,
Եվս մեկ անգամ հորդորում և կոչ եմ անում ՝ տանից դուրս գալիս ձեզ հետ վերցնել տեղաշարժման լրացրած ձևաթուղթը և անձը հաստատող փաստաթուղթ, որն ամեն պահանջի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ոստիկանության աշխատակիցներին (մեկ թերթիկ յուրաքանչյուր տեղաշարժի համար), իսկ աշխատանքի գնալիս ունենալ նաև գործատուի կողմից լրացված հատուկ նմուշի ձևաթուղթը:
Միաժամանակ հորդորում եմ խստագույնս հետևել Պարետատան բոլոր ցուցումներին և տանից դուրս գալ միմիայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Առողջ եղեք»: