Գյումրեցի 27 և 45-ամյա տղամարդիկ շինության տարածքից գողացել են գազի կաթսա, ջեռուցման 51 մարտկոց, սալիկներ, էլեկտրական շաղափ

Մարտի 3-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։  Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ Գյումրու Իսահակյան փողոցի շինություն մտել էին պատուհանով, որը բացել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ։ Գողացել էին գազի կաթսա, ջեռուցման 51 մարտկոց, սալիկներ, էլեկտրական շաղափ և այլն։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Մուշի ոստիկանները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Բացահայտման աշխատանքին միացել էին ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, որոնք մարտի 28-ին հանցագործությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերեցին։

Տեղեկությունների իրացման արդյունքում Գյումրու բնակիչներ 27 և 45-ամյա տղամարդիկ հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին։ Նրանք տվեցին խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին Արմավիրի մարզում վաճառված գողոնի մի մասը։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ բերման ենթարկվածները մարտի 26-ին, դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են Շիրակ գյուղի անասնագոմի դուռն ու ցլիկ գողացել, որը ևս տեղափոխել են Արմավիրի մարզ ու վաճառել։ Կենդանին հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը։

Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել