Մարտի 29-ին, ժամը 22.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով և վնասված լյարդով բուժօգնության է դիմել 38-ամյա մի կին: Նրան դանակահարել էին:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խումբը հիվանդանոց մեկնեց: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նրան վիրահատում էին: Բժիշկներին հասցրել էր միայն հայտնել, որ Փափազյան փողոցի խանութի մոտ իրեն դանակահարել են:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ:
Իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ նախ ճշտվեց, որ դեպքը ոչ թե Փափազյան փողոցում, այլ Կոմիտասի պողոտայում էր կատարվել, ապա ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվեց, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարել է նրա 36-ամյա ծանոթը, որը Րաֆֆու փողոցի բնակիչ է:
Մարտի 30-ին նշված հասցեից կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կասկածվողը ներկայացվել է քննչական բաժին և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: